30/12/2024 12:23
ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը
«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։
Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։
Նշվում է, որ Վարդենիս համայնքի, Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը՝ ժամը 22։00-ի սահմաններում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։
Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ , որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207կգ Սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000դր։
Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ։