31/12/2024 11:05
«Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ Ամանորի կապակցությամբ։
Ուղերձում դեսպանը նշել է՝ չնայած մարտահրավերներին և դժվարություններին, հետևողական աշխատանք է տարվել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ հաղթահարեն իրենց ամրության փորձությունը։
Սերգեյ Կոպիրկինն իր ուղերձում ընդգծել է՝ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ամենատարբեր ուղղություններով համագործակցությունը, Ռուսաստանը, Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելուն ուղղված իր ջանքերի շրջանակներում, շարունակել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, «որպեսզի Երևանի և Բաքվի միջև հաստատուն և արդար համաձայնագրի հիման վրա հաստատվի երկար սպասված խաղաղությունը»։
«Այդ փաստաթուղթը թույլ կտա գործնականում կյանքի կոչել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է Կոպիրկինը։
Նա նաև հույս է հայտնել, որ առկա մարտահրավերների պայմաններում էլ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
«Ժամանակն է միասին կառուցել նոր, ավելի արդար անվտանգության և տնտեսական համագործակցության համակարգ՝ եվրասիական տարածաշրջանում»,- ասել է Ռուսաստանի դեսպանը։