31/12/2024 15:04
Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։
Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։
Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»: