02/01/2025 16:53
Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել
Պաշտոնական Թեհրանը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, որի համաձայն, նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։
Ադրբեջանի դիվանագիտական բողղոքի պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի՝ պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։
«Իրանի քաղաքականությունն ուղղված է հարևան պետությունների՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ադրբեջանի ԱԳՆ բողոքը կապված էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում մեկ անհատի հնչեցրած անպատեհ և չմտածված հայտարարությունների հետ», - IRNA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջտաբա Դեմիրչիլին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ «նման հայտարարությունները որևէ առնչություն չունեն Իրանի պաշտոնական դիրքորոշման հետ»։