02/01/2025 18:48
«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած կրակոցնի հետ, որոնք արձակվել էին 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 26-ին Երևանում կրակոցներ էին արձակվել։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։
Տեղում պարզվել էր, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել էր Մալաթիայի քննչական բաժին։