03/01/2025 19:15
Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում
Ո՞ր թվականն է հիմա. նշված հարցին շատերը տարակուսած կպատասխանեն՝ իհարկե 2025-ը: Իրականում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պարզվում է՝ երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում: Գրում է Արմենպրեսը։
Մոտավորապես 1.4 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանի շատ շրջաններում տարիների հաշվարկը կատարվում է ըստ Վիկրամ Սամվաթ օրացույցի, որի համաձայն այժմ 2081 թվականն է: Երկրի մյուս հատվածներում հիմա 1946 թվականն է, քանի որ այնտեղ օգտվում են Շաքա օրացույցից:
Չինաստանի շուրջ 1.4 մլրդ բնակիչները հունվարի 29-ին կնշեն լուսնա-արևային օրացույցի 4722 թվականի մեկնարկը:
Եթովպիայում (մոտ 116.4 մլն բնակիչ) հիմա 2017 թվականն է: Եթովպական օրացույցը մոտ 7-8 տարով հետ է մնում Գրիգորյանականից և ներառում է 13 ամիս՝ 30 օր տևողությամբ՝ 12 ամիս և 5-6 օր տևողությամբ՝ 1 ամիս:
Թաիլանդում (մոտ 66.1 մլն բնակիչ) սկսվել է 2568 թվականը։ Թայցիների բուդդայական օրացույցով տարիների հաշվարկը կատարվում է Բուդդայի՝ նիրվանայի անցնելու պահից (մ.թ.ա. 543 թվականին):
Իսրայելում (մոտ 9.8 մլն բնակիչ) գործող հրեական օրացույցի համաձայն այժմ 5785 թվականն է։ Ժամանակագրությունը կատարվում է աշխարհի արարման ենթադրյալ տարեթվից:
Իրանում և Աֆղանստանում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 124 մլն բնակիչ) այժմ 1403 թվականն է։ Այս երկրներում տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Նոր տարվա սկիզբն ազդարարվում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին:
Իսլամական օրացույցից օգտվող երկրներում՝ Ալժիրում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մարոկկոյում, Օմանում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Թունիսում, ԱՄԷ-ում և Եմենում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 615.4 մլն բնակիչ) 1446 թվականն է։ Այս երկրներում նույնպես տարիների հաշվարկը կատարվում է Մուհամմեդ մարգարեի՝ Մեքքայից Մեդինա տեղափոխվելու ենթադրյալ պահից: Սակայն, ի տարբերություն Իրանի և Աֆղանստանի՝ նշված երկրներում օգտագործում են ոչ թե արեգակնային, այլ լուսնային օրացույց, որի համաձայն տարին ունի 354 կամ 355 օր։
Ճապոնիայում (123.9 մլն բնակիչ) օգտագործում է Գրիգորյանական օրացույցը, բայց կիրառվում է նաև կայսրերի ժամանակաշրջանների վրա հիմնված ժամանակագրությունը: Վերջինի համաձայն՝ այժմ Ռեյվայի դարաշրջանի 6-րդ տարին է (2019 թվականին Նարուհիտո կայսրի գահ բարձրանալուց պահից):
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունում (26.2 մլն բնակիչ) ժամանակագրությունը հաշվարկվում է երկրի երկարամյա կոմունիստական առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից՝ 1912 թվականի ապրիլի 15-ից: Այսպիսով, ԿԺԴՀ-ում այժմ 113 թվականն է։
Մյանմայում (55.7 մլն բնակիչ) օգտագործում է բիրմայական օրացույցը, որի համաձայն այժմ 1384 թվականն է։
Բանգլադեշում (173.5 մլն բնակիչ) օգտագործում են բենգալյան օրացույցը, որի համաձայն այժմ 1430 թվականն է։
Նեպալում (31.1 մլն բնակիչ) օգտագործվում է Վիկրամ Սամվատ հատուկ օրացույցը: Դա լուսնային օրացույց է, որը հիմնված է հինդուիստական հնագույն ավանդույթների վրա: Այդ երկրում այժմ 2081 թվականն է:
Հին հայկական տոմարով, որի համաձայն նոր տարին սկսվում է Նավասարդի 1-ին կամ Հուլյան օրացույցով՝ օգոստոսի 11-ին, հիմա 4517 թվականն է:
Կան մի քանի երկրներ, որոնցում օգտագործում են երկու օրացույց և նոր տարին նշում են երկու անգամ, իսկ Թաիլանդում հերթական տարվա սկիզբը նշվում է երեք անգամ: