03/01/2025 14:59
Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում
Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ 3373 կանչ են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ արձանագրված կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 94-ով ավելի է։
«Հիմնականում սուր շնչառական վարակներն են կանչերի պատճառ հանդիսացել, հաջորդիվ ինֆեկցիաներն են, ապա սրտանոթային հիվանդությունները։ Ամանորյա օրերին թունավորման ընդամենը 1-2 դեպք է արձանագրվել, բայց դրանք ծանր դեպքեր չեն եղել։
Դեկտեմբերի 31-ին վնասվածք ստանալու ահազանգ մեկն է եղել՝ 6 տարեկան երեխան ձեռքն էր վնասել, նրա մատներից մեկը պետք է ամպուտացվի»,- նշել է Գրիգորյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ դեկտեմբերի 31-ի գիշերն ընդհանուր առմամբ շտապօգնության 48 բրիգադ է աշխատել։