03/01/2025 10:19
Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա
ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլև արհեստականորեն թեժացվում է, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած ռուսական որոշ շրջանակներ հակառուսական այս ալիքը դիտարկում են որպես Արևմուտքի հակառուսական ջանքերի իրագործում` վկայակոչելով ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների ղեկավարների Ադրբեջան կատարած այցերը, սակայն չի բացառվում, որ սա ընդամենը Ալիևների ընտանիքի չհիմնավորված ամբիցիաների հետևանքն է:
Քաղաքական առումով, հատկապես վերջին տասնամյակներում, Ադրբեջանի մեծ ցանկությունը ՌԴ-ի հետ մերձենալու, տեղ-տեղ քծնելու 2 հիմնական նպատակ ուներ` Հայաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պարագայում բալանս ստանալ, իսկ 2020-ից հետո Արցախի դեմ օպերացիաներում՝ լռություն կամ լոյալություն:
Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության տուրբուլենտ իրավիճակն ու անհեռատես քաղաքական կուրսը, ՌԴ-ի հետ հարաբերություններից քաղեց առավելագույնը, իսկ հիմա ադրբեջանական էլիտայում համարում են, որ իրենց երկիրը կարող է իրեն թույլ տալ «ռեգիոնալ պետությանը» հարիր քաղաքական ամբիցիաներ դրսևորել, «ատամ գցել» նաև աշխարհաքաղաքական դերակատարներին:
Սա արտահայտվում է ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերություններում, այլև՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի:
Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ:
Իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա։ Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում», - գրել է պատգամավորը: