03/01/2025 13:20
Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Դիանա Կարապետյանը NEWS.am–ին հայտնել է, որ մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է։ Նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։
«Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է», - նշել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության մամուլի խոսնակը։