03/01/2025 16:28
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ տեղերը: Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Տիգրան Պետրոսյան (7 միավոր), Կարեն Գրիգորյան (6.5 միավոր), Զավեն Անդրիասյան (6.5 միավոր), Ռոբերտ Հովհաննիսյան (6.5 միավոր), Արամ Հակոբյան (6 միավոր), Շանթ Սարգսյան (5.5 միավոր), Էմին Օհանյան (4.5 միավոր), Աննա Սարգսյան (6.5 միավոր), Մարիամ Մկրտչյան (5.5 միավոր):
Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ են դարձել Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 13 հնարավորից վաստակել էր 9 միավոր և կիսել էր 4-9-րդ հորիզոնականները: Կարենը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել էր 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի էր խաղացել առաջնության չեմպիոն հռչակված Վոլոդար Մուրզինի հետ։
Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում էին նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք վաստակել էին 8 միավոր և բաժանել էին 22-41-րդ տեղերը։