07/01/2025 14:20
2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, հետևելով ավանդույթին, առաջարկել է իր ընթերցողներին միասին որոշել 2024-ի ամենամեծ սուտը։
Հարցման արդյունքում 2024-ի ամենամեծ սուտ է ճանաչվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը»։ Այս պնդումը ստացել է ամենաշատ ձայները հարցման մասնակիցների կողմից։
«Մենք առանձնացրել էինք հինգ տարբերակ՝ հնարավորություն տալով նշելու նաև սեփական տարբերակները։
- Նիկոլ Փաշինյան. «Լիսաբոնի գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը երբեք չի քննարկել ԼՂ-ի՝ Ադրբեջանից դուրս լինելը»
- Ընդդիմություն. «Նիկոլի օրերը հաշված են․ կուսակցության անդամները լքում են նրան»
- Ադրբեջանը ֆինանսավորում է արցախցի երեխաների հունգարական ճամբարները
- Տիգրան Ավինյան. ANIF-ը Հայաստանի ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է
- Փաշինյանն ու Ցուկերբերգը միասին ներդրումային հարթակ են ստեղծել
Հարցմանը մասնակցել է 350 ընթերցող:
Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները խեղաթյուրող պնդումը որպես տարվա սուտ է ընտրել հարցվածների 54,9 տոկոսը (192 մասնակից)։ Փաստացի արցախյան հարցը շարունակում է մնալ հասարակության ամենազգայուն թեմաներից մեկը։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդումը, թե «ANIF-ը Հայաստանի ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերությունն է»։ Այս տարբերակի օգտին է քվեարկել հարցվածների 19,7 տոկոսը (69 մասնակից)։
Շատ փոքր տարբերությամբ երրորդ հորիզոնականում են ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե «Նիկոլի օրերը հաշված են․ կուսակցության անդամները լքում են նրան»։ Այս տարբերակին կողմ է քվեարկել 67 մասնակից։
Մնացած տարբերակները ստացել են համեմատաբար ավելի քիչ ձայներ։ «Փաշինյանն ու Ցուկերբերգը միասին ներդրումային հարթակ են ստեղծել» կեղծ լուրերին կողմ է քվեարկել 3,7 տոկոս-ը, իսկ Ադրբեջանի կողմից արցախցի երեխաների հունգարական ճամբարների ֆինանսավորման մասին պնդումները՝ 2,6 տոկոսը»,- գրել է լրատվամիջոցը։