07/01/2025 19:15
Թմրանյութը պահել են անասնագոմում
ՆԳՆ-ից հայտնում են՝ Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։
42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ լցված մոտ 68 գրամ չորացված-մանրացված կանեփանման զանգվածով։
Արտաշատի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Նշանավան բնակավայրում էր։ Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մխչյան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը Նշանավանում ապօրինի պահում է թմրանյութ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկաններն այցելել են նշված հասցե: Տանտերերը իրավապահներին են ներկայացրել չորացված կանեփանման զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 21 գրամ։
Մխչյանցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ և խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենն են` անձնական օգտագործման համար։
Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։