07/01/2025 10:47
Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների համար:
Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացնում է՝ ինչ է պետք անել. «Պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին:
Ինչո՞ւ՝ որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում՝ նաև հոգեհանգստի ժամանակ:
Անպայման պետք է հիշել մեկ կարևոր բան. ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ աղոթը: Սրտից բխած մի աղոթք, որում խնդրում ենք, որ Աստված մեր ննջեցյալին դատի ոչ թե իր արդարությամբ, այլ՝ ողորմությամբ:
Թող Աստված քաղցրությամբ հիշի մեր բոլոր ննջեցյալներին՝ արժանացնելով նրանց երկնային անթառամ պսակին»։