07/01/2025 21:40
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Անտալ Ռոգանի դեմ, այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունն ու ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Ամերիկյան կողմը նշում է, որ Հունգարիայի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ներգրավված է կոռուպցիայի մեջ։
«Ռոգանը կենտրոնական դերակատարում է ունեցել Հունգարիայում այնպիսի համակարգի ստեղծման գործում, որի միջոցով ինքն ու իր կուսակցությունը օգուտներ են քաղել հունգար ժողովրդի հաշվին։ Ռոգանի գործունեությունը խորհրդանշում է Հունգարիայում գործող անպատժելիության մթնոլորտը, երբ պետության առանցքային՝ հիմնական տարրերը օլիգարխների և ոչ ժողովրդավար տրամադրված դերակատարների ձեռքում են։ Մենք կրկին կոչ ենք անում Հունգարիայի իշխանություններին՝ անվերապահորեն և վճռականորեն պայքարել կոռուպցիայի դեմ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում, որը ներկայացրել է կաառույցի խոսնակ Մեթյու Միլլերը։
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրեդլի Սմիթն էլ նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել Ռոգանի նման մարդկանց դեմ։ Սմիթը, որը համակարգում է ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության հարցերը, նշել է, որ Ռոգանն օգտագործում է իր պաշտոնական լիազորությունները, որպեսզի երկրի ու քաղաքացիների հաշվին՝ հարստանա ու հարստացնի իր ընկերներին։
ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի ստեղծած համակարգի միջոցով պետական պայմանագրերն ու ռեսուրսները բաշխվում են՝ ի շահ նրա ընկերների, ինչպես նաև ի շահ երկրում իշխող՝ «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության։ Ռոգանը ստեղծել է սխեմաներ, որոնց շնորհիվ վերահսկվում են Հունգարիայի տնտեսության մի քանի ռազմավարական ոլորտներ, ինչպես նաև այդտեղից միջոցներ են դուրս բերվում։
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից բխում է, որ Անտալ Ռոգանի ակտիվները, եթե այդպիսիք հայտնաբերվեն ԱՄՆ իրավասության տարածքում, կսառեցվեն։ Ամերիկայի քաղաքացիներին կարգելվի Ռոգանի հետ որևէ գործարք կնքել, Հունգարիայի վարչպետի աշխատակազմի ղեկավարի մուտքն ԱՄՆ կարգելվի։