08/01/2025 16:14
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում
Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկւթյւոններ են ստացվել, որ ՀՀ նախկին քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով դատապարտյալը, ով խուսափում է ազատազրկումից և ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացին գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում:
Նշված հասցե են մեկնել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները:
Հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Ա. Ա.-ն հայտնաբերվել է այդ հասցեում և նրան ոստիկաններն առաջարկել են իրենց հետ միասին կամովի ներկայանալ Լոռու մարզային քրեական վարչություն, սակայն Ա. Ա.-ն դանակով հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա՝ փորձելով հարվածել նրան:
Նա դանակով վնասել է ոստիկանության ծառայողի ձեռքը, ինչից հետո քրեական ոստիկանները փորձել են վնասազերծել Ա. Ա.-ին:
Ա. Ա.-ն գրպանից հանել է նռնակ, փորձել է քաշել նռնակի պայթուցիչի գործարկման օղակը՝ սպառնալով պայթեցնել բոլորին:
Ոստիկանության ծառայողներից մեկին հաջողվել է բռնել Ա. Ա.-ի ձեռքը և խլել նռնակը, որից հետո ոստիկանները ուժի գործադրմամբ նրան վնասազերծել, ձերբակալել, ապա ձեռքից վերցրել են դանակն ու տեղափոխել ոստիկակնութան Լոռու մարզային քրեական վարչություն:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: