08/01/2025 17:06
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության մասին՝ չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ պետության հարձակվել իր սահմանների վրա։
«Ակնհայտ է, որ խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Եվրամիությունը թույլ կտա աշխարհի այլ երկրներին, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա», - ասել է Բարրոն՝ France Inter ռադիոյի եթերում:
Նրա խոսքով՝ Եվրոպան հզոր մայրցամաք է, սակայն պետք է հետագա միջոցներ ձեռնարկել Եվրամիության ամրապնդման համար։
«Եթե դուք ինձ հարցնում եք, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կգրավի Գրենլանդիան, ապա իմ պատասխանը ոչ է: Մենք մտե՞լ ենք մի դարաշրջան, երբ վերադառնում է ուժեղի օրենքը՝ իմ պատասխանը այո է»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, ԱՄՆ-ն իր բնույթով ավելի իմպերիալիստական երկիր չի դառնում, չնայած Պանամայի ջրանցքի, Կանադայի և Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարություններին։
Երեքշաբթի Թրամփը, ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում, հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Սակայն նա հրաժարվել է խոստանալ, որ ռազմական ուժ չի կիրառի Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Չորեքշաբթի Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեղադրել է ԱՄՆ-ի քարտեզը Կանադայի հետ կցված՝ հարևան երկիրը 51-րդ նահանգ դարձնելու իր սկանդալային առաջարկների ֆոնին։