08/01/2025 10:26
Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահը, ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների, նաև դժգոհությամբ նշել է, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել», այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին:
Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Ավելին, 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեին, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:
Փաստացի, Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա Արցախի հանձնումն արդարացնելու համար հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո Արցախն արդեն հանձնված էր:
Իհարկե, Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:
Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»,- նշել է Աբրահամյանը։