08/01/2025 23:01
Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել
ՆԳՆ-ից հայտնում են՝ հունվարի 2-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի բնակիչ 42-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝պատճառելով մեկուկես միլիոն դրամի նյութական վնաս։
Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումները տվել են դրական արդյունք։ Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Նա Ներքին Չարբախի 3-րդ փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Բաժնում 43-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել՝ հայտնելով, որ գողոնը վաճառել է, իսկ գումարով կատարել խաղադրույքներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: