09/01/2025 15:51
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար
8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ամփոփիչ ասուլիսին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Դրա շրջանակներում 2022-ին ձեռք է բերվել արբանյակը և այդ բյուջեի շրջանակում կառուցվել է երկնային կայանը, որը ոչ միայն ծառայում է «Հայասաթ-1»-ին, այլև ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ՀՀ-ն ձեռք կբերի, ապագայում նաև կկառուցի»,-ասաց նա։
Հայրապետյանը նաև նշեց, որ ամբողջ կրթական ծրագրի շրջանակում մասնագետներին գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու գործընթացը ևս այդ գումարի շրջանակներում է եղել։
Նախարարը նշեց, որ մեծ ծավալի լուսանկարահանումներ են արվել արբանյակի կողմից վերջին երկու տարիների ընթացքում։ Իսկ թե ինչ նպատակով են օգտագործվել՝ չի ասի ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում՝ պնդելով, որ բնականաբար դրանք օգտագործվել են։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ քրեական գործի բերումով հանրության շրջանում օբյեկտիվորեն հարցադրումներ են բարձրացվել․«Այն պարամետրերը, որոնք նշված են եղել ձեռք բերվելիս, այդ պարամետրերով էլ գնումը կատարվել է։ Դրանք աշխարհում լավագույնը չեն կարող համարվել, բայց ՀՀ-ն առաջին քայլն է անում տիեզերական ոլորտում իր տեղն ունենալու և կարողություններ ու գիտելիքներ հավաքագրելու համար»,-ասաց նա։