09/01/2025 16:14
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ
Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։
Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։
Արմավիրի քրեական ոստիկանները նույնօրինակ տեղեկություններ էին ստացել նաև վարդաշենցի 55-ամյա մի տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ տղամարդը տանն ու կից օժանդակ շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կից շինության զննությամբ հայտնաբերվել է արկղ՝ լցված մոտ 210 գրամ կանեփանման զանգվածով։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն և անձնական օգտագործման համար է։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։