Այսօր, 12:52
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ)
Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, դա ԱԳՆ-ի տիրույթում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչի՞ մասին են չհամաձայնեցված երկու կետերը։
«Չեմ կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել երկու երկրների միջև առկա իրավական վեճերը։ Իմ կարծիքով, իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ եղանակով, դա նաև պատերազմը կանխարգելել է նշանակում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին և միջազգային ատյաններից ետ կանչի իրավական վեճերը, Կիրակոսյանը պատասխանեց.
«Դրա մասին պետք է չշտապել մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ ՀՀ-ի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։