Այսօր, 17:16
Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ
Aysor.am-ի զրուցակիցն է AG NET և «Մուլտերի աշխարհ» ընկերությունների հիմնադիր Աշոտ Ուլիխանյանը։
- Պարոն Ուլիխանյան, կխնդրեի հակիրճ ներկայացնել ձեր բիզնես գործունեության ոլորտը։ Սկզբնական շջանում ի՞նչ խնդիրների եք բախվել և ինչպե՞ս եք կարողացել դրանք թողնել անցյալում։
- Ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2018 թ-ից, իմ նախընտրած ոլորտը նորագույն տեխնոլոգիաներն էին։ Բիզնեսի զարգացումը սկսվել է Արագածոտնի մարզ գյուղ Օշականից, որտեղ բախվեցինք զանազան խնդիրների և այդ խնդիրների լուծման արդյունքում ձեռք բերվեց մասնագիտական փորձ, որն էլ ճանապարհ հարթեց մեր բիզնեսի հետագա ընդլայնման համար։ Երկու տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում բացի ինտերնետ ծառայությունից ունեցանք նաև նոր պրոդուկտ՝ ինտերնետ ՕՏՏ կայանով հեռուստաալիքների ծառայություն, WiFi ծառայություն և ամբողջական փաթեթով սկսեցինք ընդլայնվել ՀՀ մարզերում՝ Երևան, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Տավուշ և այլն։ Այսօր AG NET ընկերությունն իր հզորությամբ ընդգրկված է հանրապետության առաջին տասնյակ ընկերությունների մեջ։
Բնականաբար, մենք նույնպես բախվել ենք զանազան խնդիրների, որոնցից մի քանիսը հակիրճ ներկայացնեմ ստորև․
ա․ անանցանելի տեղանքներով մալուխների մոնտաժում
բ․ աշխատակիցների անփորձություն, որը բերում է քաղաքացիների հետ շփման բարդությունների և բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրների
գ․ անառողջ մրցակցություն
Արդուհանդերձ, ինչպես արդեն նշեցի, մեր քրտնաջան աշխատանքի, պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով կարողացանք հասնել մեր առջև դրված նպատակների կատարմանը։
- Կա՞ն այլ ոլորտներ, որոնք ևս հետաքրքրություն են ներկայացնում ձեզ համար. եթե այո, պատրաստվու՞մ եք ընդլայնել այդ շրջանակը՝ ներդրումների տեսանկյունից։
- Այո, իհարկե, կան. մանկական ռեստորանային ոլորտ և օպտիկայի ներմուծում ու արտադրություն։
- Օտարերկրյա պետություններում ներդրումների միտում ունե՞ք, թե՞ այդ առումով «խիստ պատրիոտ եք»։
- Կարծում եմ, որ հմուտ գործարարը չի բավարարվում միայն ներքին շուկայով և ձգտում է իր բիզնեսը ընդլայնել` դուրս գալով համաշխարհային շուկա և դա այնքան էլ կապ չունի պատրիոտիզմի հետ։ Իհարկե, պատրիոտ եմ, այդ իսկ պատճառով, զարգացնելով բիզնեսը, ստեղծել եմ և շարունակում եմ ստեղծել նոր աշխատատեղեր, վճարել հարկեր փորձելով լինել առավել պիտանի իմ երկրի համար։
- Եթե գաղտնիք չէ, ո՞ր երկրների մասին է խոսքը և ո՞ր ոլորտների։
- Չկա որևէ սահմանափակում, անկեղծ ասած։ Սակայն, այն փորձը, որը կուտակել եմ թվային տեխնոլոգիաների ոլորտում, կփորձեմ օգտագործել այնպիսի երկրներում, որոնք այդ ոլորտում դեռևս կայացման ճանապարհ են անցնում, հնարավոր է, ուշադրությունս սևեռեմ դեպի Աֆրիկա մայրցամաք։
- Մշակութային, սպորտային կամ բարեգործական միջոցառումներին ակտի՞վ եք ներգրավված, եթե այո, կխնդրեի մանրամասնել։
- Մեր ընկերությունը ակտիվորեն կատարում է բարեգործություններ` փորձելով հեշտացնել անապահով ընտանիքների, առողջական խնդիրներ ունեցող երեխաների, մանկատան սաների կյանքը, քանի որ երեխաները, բոլորս գիտենք, մեր վաղվա օրվա երաշխավորն են։
- Քաղաքականությամբ զբաղվե՞լ կամ զբաղվու՞մ եք։
- Կտրականապես ոչ։
- Բացի բիզնեսից, որտե՞ղ կփորձեիք ձեր գիտելիքներն ու փորձը։
- Տարիների փորձառությունս և ձեռքբերված գիտելիքները փորձում եմ փոխանցել առաջին հերթին զավակներիս, որպեսզի լավ կրթվեն և դաստիարակվեն այնպես, որ հասարակության համար պիտանի անհատականություններ լինեն։
- Եվ վերջում կարճ՝ ընտանիքի մասին։
- Ամուսնացած եմ՝ ունեմ 3 զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ։