10/01/2025 21:09
Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ամերիկյան նահանգներից որևէ մեկի հետ։
«Այս թեման մի պահ ծագեց Թրամփի հետ զրույցում, հետո մենք սկսեցինք տարբեր կողմերից քննարկել այն։ Երբ ես առաջարկեցի՝ «գուցե մենք փոխանակենք Կանադայի որոշ հատվածները Վերմոնտի կամ Կալիֆորնիայի հետ», Թրամփը միանգամից հասկացավ՝ դա այնքան էլ ծիծաղելի չէ, և մենք զրույցի թեման փոխեցինք»,- պատմել է Թրյուդոն՝ MSNBC News-ի եթերում։
Նշենք, որ Կանադայի շուրջ խոսակցություններն ակտիվացել են վերջին շրջանում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, երբ Թրամփը հայտարարեց, թե Կանադան կարող է դառնալ «ԱՄՆ 51-րդ նահանգը»։ Թրամփը մի քանի անգամ պնդել է նաև, թե դրան կողմ է Կանադայի բնակչության մեծ մասը, քանի որ «միավորումը» Կանադային ոչ միայն տնտեսական կայունություն կբերի, այլև կպաշտպանի նրան արտաքին սպառնալիքներից։