Այսօր, 14:38
Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար
Այո, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց որոշակի ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք հասցնել դա անել. հրավիրված ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա հաստատեց, որ 2024-ին նպատակադրված են եղել 1000 հա անտառ տնկել, բայց նախորդ տարվա համեմատ 23 հա-ով է ավելի եղել։ Նախորդ տարի տնկվել է 314 հեկտար։
«Բայց անտառտնկման համար նոր ծրագրեր ու հնարավորություն ենք ստեղծում՝ հանրության լայն շրջանակներին ներգրավելու այդ գործընթացում»,-ասաց նա և նշեց, որ առաջիկայում նախատեսում են թվային հարթակ գործարկել։
«Քանի որ անտառտնկման գործընթացը համ շատ ծավալուն է, համ շատ ծախսատար, հանրության ներգրավումն արդյունավետ կլինի»,-ասաց նա։
Հարցին, թե 10 մլն ծառ տնկելու թեման այլևս փակվա՞ծ է, նախարարը խնդրեց թեմային չանդրադառնալ այլևս, քանի որ արդեն ասել են՝ ծրագիրը պետք է ամփոփվեր 2020-ի հոկտեմբերին, բայց հայտնի իրադարձությունների պատճառով ծրագիրը չի կայացել։
«Չի կայացել օբյեկտիվ պատճառներով, հիմա շարունակում ենք անտառտնկման գործընթացում»,-ասաց նա։