Այսօր, 14:21
Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու մարզպետ Հայկ Ղալումյանի միջև երեկ որևէ միջադեպ, քաշքշուկ չի եղել. ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ ՔՊ նիստին քննարկվել է նաև անտառահատումների խնդիրը։
«Միջադեպ չի եղել, տասնյակ մարդիկ են ներկա եղել քննարկման ժամանակ, հանդիպումից հետո, գուցե, երկու գործընկեր խոսել են, բայց որևէ քաշքշուկի ես ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Քաշքշուկին մոտիկ բան էլ չի եղել, գուցե, խոսակցություն է եղել, մարդիկ այլ տպավորություն են ստացել»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ այդ թեմայով քննարկում է եղել ոչ միայն երեկ, այլ նաև դեկտեմբեր ամսին։
«Երեկվա քննարկումը շարունակությունն է եղել։ Կուսակցությունում քննարկվել է անտառահատումների խնդիրը, որևէ արտառոց բան չկա»,-ասաց նա։
Նշենք, որ մամուլը գրել էր՝ ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուկով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն են եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը: