Այսօր, 11:41
Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար
Պրակտիկ և գործնական ուսումնասիրությունները փաստել են, որ աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. Մեդիա կենտրոնում «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությունը» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Դա արտադրողականության աճն է, մարդկային կապիտալի զարգացման նպաստող գործոնն է։ Զարգացած երկրների հաջողությունները դա են վկայում»,-ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ աշխատաժամանակի համար սահմանված 3 ութերի գաղափարը 1800-ականների կեսից սկսած է ամրագրվել, երբ դրանից առաջ աշխատաժամանակը 16-18 ժամ էր։ Այդ փոփոխության հիքմում դրվում էր տեխնոլոգիայի զարգացումը, որ 8 ժամ հանգստանալը կարևոր է, որպեսզի մարդը կարողանա աշխատել։
«1900-ականներից արդեն տեխնոլոգիական մեծ փոփոխություններ են եղել, զարգացել է և՛ տեխնոլոգիան, և՛ արտադրական մոտեցումները, և այդ որոշակի փոփոխությունը բերել է այլ տեմպ։ Միջազգային բազմաթիվ ուսումնասիրություններ կան մարդու արդյունավետ աշխատելու համար, թե երբ է մարդը սկսում արդյունավետ աշխատել, երբ է սկսում նվազել։ Նպատակը աշխատանք-անձնական կյանք տիրույթի կարգավորումն է»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե տնտեսվարողները նշում են, որ այդ ուսումնասիրությունը զագացած երկրներին է վերաբերում, և քանի որ Հայստանում չի եղել նման ուսումնասիրություն, որքանո՞վ է ճիշտ տեղայնացնել՝ փոխնախարարը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք՝ որ ուղղությամբ ենք զարգանում։ Կան երկրներ, որոնք կարող են 12 և ավելի ժամ աշխատել, բայց մենք առաջնորդվում ենք զարգացած երկրների օրինակով»։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ՝ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։