Այսօր, 16:47
Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստանի կառավարությունը տարին սկսեց դեպի Արևմուտք նոր քայլով․ գործադիր մարմինն օրերս հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը սա խայտառակ բլեֆ է համարում։
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առկա աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպայի վրա հույս դնելու՝ գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, նա արձանագրում է․ «Հայաստանը նախկին իշխանությունների ժամանակ ԵՄ-ի հետ միշտ էլ շատ գրագետ, հավասարակշռված հարաբերություն էր պահպանում, ինչի վկայությունն էր նաև այն, որ 2007 թվականից ՀՀ խորհրդարանում գործել է Եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովը, որը 11 տարի ղեկավարել եմ հենց ես»:
Զոհրաբյանը հիշեցրել է, որ Թուրքիան 1987 թվականից ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել, ու մինչ օրս Թուրքիային «տշում են»։
«ԵՄ-ն այս պահին իր սահմաններն ընդլայնելու, նոր անդամներ ներգրավելու խնդիր չունի, ավելին՝ ԵՄ-ն վերջին շրջանում բազմիցս քննարկել է Բուլղարիայի, Մերձբալթյան երկրների, շատ վատ տնտեսությամբ մի քանի այլ երկրների հարցը, որոնք ուղղակիորեն բալաստ են ԵՄ վրա․ բազմաթիվ ԵՄ անդամ-երկրներ նույնիսկ խնդիր են դրել այդ երկրներին այլևս չֆինանսավորելու համար»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը վերահաստատել է՝ գործող իշխանությունների կողմից մատուցվողն իրականում «մեծ կուտ է», քանի որ ԵՄ-ն իր սահմանները չի ընդլայնելու, հետևաբար, ՀՀ-ն տեսանելի ապագայում չի դառնալու ԵՄ անդամ։
«Փոխարենը, ՀՀ-ն շատ արագ դառնալու է Ուկրաինա։ Սա Հայաստանի ուկրաինացման ճանապարհն է։ Ինչպես ժամանակին Բայդենն ասում էր՝ մենք ՌԴ դեմ կռվելու ենք մինչև վերջին ուկրաինացին, այժմ էլ խնդիր է դրված մեր ռեգիոնում ՌԴ դեմ կռվել մինչև վերջին հայը»,- նշել է Զոհրաբյանը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս քաղաքականությունը Հայաստանին տանելու է միայն սոցիալական ճգնաժամի, ինչի մասին արդեն իսկ ակնարկում են ռուսական լրատվամիջոցները։
«Ինձանից ավելի եվրոպական արժեքները սիրող, գնահատող մարդ, որը գլխավորել է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, եղել է ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, չկա, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ ՀՀ-ն չի դառնալու ԵՄ անդամ, որ Եվրոպական միությունը ևս մեկ բալաստ երկրով չի ավելացնելու իր բեռը, փոխարենը, Հայաստանը վերածվելու է Ուկրաինայի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը վերածվի Ուկրաինայի»,- ամփոփել է նա ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում