Այսօր, 14:23
Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը և համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարևոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման և փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը:
Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել է երկկողմ տնտեսական համագործակցության և ոլորտային մի շարք ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում Նարեկ Բաբայանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության գործոնը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի մոտեցումն այս հարցում:
«Տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը մեր Կառավարության առաջնահերթություններից է: Այդ հարցում մեր պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որին Իրանը տվել է իր դրական եզրակացությունը և ողջունել է: Հավատացած ենք, որ այդ նախագծի կյանքի կոչման հարցում Իրանը նույնպես պետք է ունենա իր առանցքային դերակատարությունը»,- փաստել է բարեկամական խմբի ղեկավարը:
Հարևան երկրների հետ կապերի համատեքստում Նարեկ Բաբայանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասներին՝ ընդգծելով. «Գիտակցելով, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, Հայաստանն այդ գործընթացում ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և ակնկալում է տարածաշրջանի մյուս դերակատարների մասնակցությունը»:
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը ևս կարևորել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության խորացումը, փոխայցերի նշանակությունը երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
«Հայաստանն իր ուրույն տեղն ու դիրքն ունի մեր արտաքին քաղաքականության մեջ: Հարևան պետությունների հետ հարաբերություններում կարևորում ենք ՀՀ-ի հետ համագործակցությունը: Մենք ունենք քաղաքակրթական մեծ անցյալ, երկու երկրների և ժողովուրդների միջև կան պատմամշակութային խոր կապեր»,- այս մասին նշել է Իրան-Հայաստան բարեկամական խմբի հայազգի ղեկավարը:
ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Վաղարշակ Հակոբյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Մարիամ Պողոսյանը, Գեղամ Նազարյանը, Դավիթ Դանիելյանը, Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Մանուկյանը:
Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերին: Նրանք հույս են հայտնել, որ կարվի հնարավորը ՀՀ-ԻԻՀ սահմանված տնտեսական նշաձողը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք ոլորտներում կապերի խթանման, ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության հեռանկարների շուրջ:
Հայ և իրանցի պատգամավորները համոզմունք են հայտնել, որ կշարունակեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը: