Այսօր, 13:47
Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր
Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դա որակելով զառանցանք։
«Ես մի օր պետք է հրապարակեմ Էկոնոմիկայի նախարարության նամակը։ Ես հարցում էի ուղարկել՝ փորձելով պարզել, թե թուրքական ապրանքների նկատմամբ մեկ տարվա էմբարգոն ինչպես է ազդել մեր տնտեսության վար։ Ինձ պատասխանել էին, որ այդ մեկ տարին հրաշալի տարի է եղել։ Հայկական արդյունաբերությունն է զարգացել, տնտեսությունն աճ է գրանցել, և այլն»,-նկատեց նա։
Նա նշեց, որ այստեղ խնդիրը ԵԱՏՄ շուկան թուրքականով փոխարինելը չէ, այլ տարվում է արտաքին վեկտորի փոփոխություն.«Փորձ է արվում ՌԴ ազդեցությունը փոխարինել թուրքականով։ Դա է կառավարության նպատակը»։
Հարցին, թե իշխանության անդամները հայտարարում են, որ այս պահին իրենց պլաններում արտաքին վեկտորի փոփոխության հարց չկա՝ Խաչատրյանը մի լավ ծիծաղեց.«Վաղուց այսքան չէի ծիծաղել։ Բա ի՞նչ են անում, ի՞նչ օրակարգ ունեն ընդհանրապես։ Լավ, թող իրենք այդ կարծիքին լինեն»։