Այսօր, 11:59
ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ուղղություններ համարեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։
Նախարարը նշեց, որ Հայաստանում հիմնադրվում է 4 տրամաչափարկման լաբորատորիա, որից մեկն արդեն հանձնել են շահագործման և ևս 3-ը առաջիկա ամիսներին կհանձնեն։ Բացի այդ, նրա խոսքով՝ տարվա ընթացքում ևս 3 այլ լաբորատորիաներ կստեղծեն։
«Այս տարվա ընթացքում պլանավորում ենք, որ ԵՄ-ի կողմից հավաստագրման ազգային համակարգի ճանաչում տեղի կունենա, նախնական պրոցեսը հաղթահարել ենք, գերազանց ենք անցել և հույս ունենք, որ չափի և կշռի միջազգային անդամ կդառնանք։ Դա հնարավորություն կտա, որ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի տված ցուցանիշը ԵՄ-ում անցնի։ Պատկերցնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում, այսինքն՝ հիմա մարդիկ գնում են, ԵՄ-ից են թուղթ հանում, որպեսզի ԵՄ ապրանք արտահանեն, իսկ այդ ժամանակ գալու են ՀՀ, որ ԵՄ ապրանք արտահանեն, ինչը կարևոր է»,-ասաց նա։
Պապոյանը նշեց, որ կարևոր ուղղություն է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, որտեղ բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել։
Հավելեց նաև՝ ԱՀԿ-ի հետ լուրջ աշխատանք են իրականացնում՝ մտավոր սեփականության և այլ ուղղություններով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նա հիշեցրեց. «ԱՄՆ-ի հետ գնում ենք ռազմավարական գործընկերության, դրան նախորդում են բարձր կարգի տնտեսական քննարկումները»։
Նախարարն ավելացրեց նաև, որ ամերիկյան երկրների մրցունակության փոխանակման ծրագիրը ՀՀ-ում է տեղի ունեցել, այն դեպքում, երբ միշտ անցկացվում է ամերիկյան մայրցամաքում։ «Սա լուրջ քաղաքական մեսիջ է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ երկրորդը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և արդյունաբերության նիստերն են, որոնք միտված են երկրների միջև առևտրի դյուրացմանը և ՀՀ-ի շուկայական կարգավիճակի վերանայմանը։