Այսօր, 17:42
Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Արտաքին գործերի նախարարությունից առայժմ չեն հստակեցնում՝ Երևանը Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ-ին դիմելու է մինչ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրո՞ւմը, թե՞ դրանից հետո: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ ավելի քան երեք տասնամյակ զբաղված Մինսկի խմբի լուծարման պայման Ադրբեջանն է ներկայացնում, գրել է «Ազատությունը»։
Եթե Նիկոլ Փաշինյանը 3 ամիս առաջ ճիշտ չէր համարում առանց խաղաղության պայմանագրի ստորագրման խոսել Մինսկի խմբի լուծարումից, արդեն 3-4 օր է՝ հարցը քննարկվում է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ: Դրանից առաջ Իլհամ Ալիևն էր հիշեցրել՝ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը շարունակում են մնալ նախապայման:
Հնարավո՞ր է Երևանը պայմանագրի կնքման խոչընդոտներից մեկը վերացնելու համար ի վերջո համաձայնի լուծարել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից կազմված եռանախագահությունը, իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ազատության» հարցին ուղիղ չի պատասխանել։
«Ես կարծում եմ, որ մեր կամայական որոշում ըստ իրավիճակի է, բնականաբար, ըստ պետության շահի է որոշումը կայացվում, հետևաբար էս պահին որևէ հստակություն չկա: Այստեղ շատ կարևոր է տեսանկյունը՝ մենք ինչպես ենք նայում խաղաղության կառուցման գործընթացին: Հետևաբար որևէ նախապայման կամ ոչ նախապայման դիտարկելիս մենք ընդհանուր առմամբ ելնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահից, հիմա ինչ ձևակերպում ենք տալիս այդտեղ, կարծում եմ, նման ձևակերպումներից արժի խուսափել», - նշել է Վարդանյանը: