13/01/2025 19:04
Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, թե Հայաստանում կյանքը եռում է, իրենք էլ խաղաղություն են կառուցում։
Մինչ Ալիևը մեր երկիրը կանգնեցնում է «ինքնասպանություն կամ սպանություն» երկընտրանքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, թե Հայաստանում կյանքը եռում է։
Ավելին, նա հայտարարում է, թե իր քննադատներն ուզում են Հայաստանում կյանքը կանգնի և տիրի պատերազմի տրամադրությունը։
Թե ինչ «խաղաղություն» է կառուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բոլորին է պարզ։ Դա ամեն ինչ է՝ զիջողականություն, հարմարովողականություն, պարտություն, կապիտուլյացիա… ամեն ինչ, բացի խաղաղությունից։
Մինչդեռ իրական խաղաղությունն արժեք է, որը պետք է նվաճել։
Ինչպես նշում է Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կեղծ խաղաղությունը, որով մեզ կերակրում են, հոգևոր կաթվածահարություն է։
«Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում։ Խաղաղությունը չի՛ ենթադրում ճահճացում։ Այո, խաղաղությանը այլընտրանք չկա, բայց խաղաղությունը պետք է լինի հաղթանակած խաղաղություն։ Չկա հաղթանակ, չի՛ կարող լինել խաղաղություն», - վստահ է Բագրատ Սրբազանը։