13/01/2025 20:26
Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները
Ժնևում մեկնարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) բանակցությունների նոր փուլը, բանակցությունների առացքում Թեհրանի միջուկային ծրագիրն է, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ժնևում մի շարք հարցերի շուրջ բանակցություններ են ընթանում Իրանի և եվրոպական երեք երկրների միջև, բանակցությունները կշարունակվեն վաղը։ Մենք երբեք չենք մերժել բանակցությունները։ Բանակցությունները երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ են, որտեղ անհրաժեշտ է փոխադարձ հարգանք և որտեղ պետք է հաշվի առնել ընդհանուր շահերը»,- ասել է նա։
2024 թվականի նոյեմբերի 29-ին ևս Իրանի ԱԳ փոխնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին Ժնևում հանդիպել էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:
Իրանի միջուկային ծրագիրը կնքվել է 2015 թվականին, այն նախատեսում էր վերացնել Իրանի նկատմամբ խիստ սահմանափակումները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագրի զարգացման տեմպերի կրճատման դիմաց։ 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը թույլ կտա Իրանին զարգացնել ռազմական ներուժը և ստեղծել միջուկային զենք։ Գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը հանգեցրեց Իրանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների վերականգնմանը։ Համաձայնագրի կողմեր հանդիսացող Ռուսաստանը և Չինաստանը այդ ժամանակ դեմ էին արտահայտվել Վաշինգտոնի որոշմանը։