Այսօր, 15:48
Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան
Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն, ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու գալիք նախաձեռնությունների իրականացման համար:
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն իր առանձնահատուկ դիրքն ու կարեւորությունն ունի:
«Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը, մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ դեմ ենք սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- ասել է Արա Շահվերդյանը:
Արմեն Խաչատրյանն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության հարցերում Իրանի ցուցաբերած դիրքորոշման կարեւորությունը:
Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում նշվել է, որ համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք է խորացնել փոխգործակցությունը: