13/01/2025 21:43
«Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր»
Կառավարության շենքում Աննա Հակոբյանի մոդելային լուսանկարահանումն իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ, «Փաստինֆո»-ի կողմից դեկտեմբերի 6-ին ուղարկված հարցմանն ի պատասխան այսօր՝ հունվարի 13-ին հայտնել են կառավարությունից։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը նոյեմբերի 30-ին կադրեր էր հրապարակել՝ տարբեր դիրքերով ու հագուստներով նկարահանված կառավարության շենքում։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ով է թույլ տվել Աննա Հակոբյանին որպես մոդել նկարահանումներ իրականացնել պետական շենքում, փորձել էին պարզել նաև, թե որքան գումար է հատկացվել դրա համար։ Կադրերից երևում էր, որ տեխնիկական հատուկ միջոցներ են օգտագործվել, որ Փաշինյանի կնոջը բարձրացնեն Հրապարակի ժամացույցի մոտ ու լուսանկարեն։ Կառավարությունից 30 օր ժամանակ էին խնդրել այս հարցերին պատասխանելու համար։
Ի վերջո, հայտնել են, որ խնդրո առարկա լուսանկարահանումն իրականացվել է պետական արարողակարգային նպատակով, վարչապետի թույլտվությամբ ու մասնակցությամբ։ Գրավոր պատասխանում որևէ խոսք չկա, թե կոնկրետ ինչ արարողակարգային նկարահանման մասին է խոսքը։
Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել էր՝ արդյոք կառավարության շենքի տարածքը կարո՞ղ է վարձակալությամբ տրամադրվել մոդելային գործակալություններին՝ նկարահանումների համար։ Այս հարցին կառավարությունից չեն պատասխանել, բայց նշել են, թե Փաշինյանի կնոջ նկարահանումների համար գումար չի ծախսվել, այսինքն՝ պետական միջոցներն են ծառայեցվել նրա ցանկությունների կատարմանը։