Այսօր, 10:56
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան
Կատարվել է Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Խաղաղության խաչմերուկ ծրագրի գործարկման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ, և մենք ոչ միայն մեր քաղաքական ուղերձների մեջ, այլ նաև գործի մեջ պատրաստվում ենք իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դա փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ կոնկրետ ծրագիր է, որը ենթադրում է Հյուիս-հարավ ճանապարհի գործարկում, որը մեծ թափով կառուցման մեջ է։ Երկրորդ փուլում ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում»,-ասաց Պապոյանը։
Նախարարն ընդգծեց, որ ծրագրի իրականացման համար լրացուցիչ ներդրումները կլինեն մոտ 50 մլն դոլար։ Տարբեր ընկերություների հետ քննարկում են։ «Սա գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,-ասաց նա։
Նշենք, որ «Չոր նավահանգիստ» նախաձեռնության մասին առաջինը 2021-ին էր հայտարարվել։ Պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու էին օդային բեռնափոխադրումներ։