14/01/2025 20:41
Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ավդալյանը հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Ըստ ՆԳՆ-ի հաղորդագրության՝ հունվարի 13-ին, ժամը 16։41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։
Ֆոտոլրագրող ԳագիկՇամշյանն էլ գրել էր, որ մեքենան գլորվել է մոտ 350-400 մ, իսկ Սահակյանին փնտրում էին նախօրեից՝ հունվարի 12-ից։
Մհեր Սահակյանն ընդամենը 36 տարեկան էր, ուներ չորս որդի։