Այսօր, 10:20
ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ
Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։
ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել է՝ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները ոչ միայն սպառնալիք են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են նետում Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ Ինչպե՞ս է ԵՄ-ն պատրաստվում արձագանքել այսպիսի սադրանքներին և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվելու տարածաշրջանային կայունությունն ապահովելու և ԵՄ-ի հիմնարար արժեքները պաշտպանելու համար։
-ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին։ Մասնավորապես, մենք մեծապես կարևորում ենք խուսափումը սուր հռետորաբանությունից և կողմերին խրախուսում ենք աշխատել փոխադարձ ընդունելի լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն և խաղաղ ապագայի ստեղծման նպատակով։
ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ, ներառյալ՝ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաև նախորդ տարվա դրական զարգացումները երկկողմ համագործակցության ոլորտում։ Մենք խրախուսում ենք կողմերին շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։ Այս ուղերձը վերջերս կրկնվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյի կողմից՝ Բաքու և Երևան այցերի ընթացքում, որտեղ նա հանդիպել է երկու երկրների ղեկավարության հետ։ Նույն ուղերձը վերահաստատվել է Եվրոպական խորհրդի նախագահ Կոստայի կողմից՝ 2025թ․ հունվարի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
-Ադրբեջանի շարունակական ագրեսիան Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությունը լուրջ մտահոգություններ են առաջացնում մարդու իրավունքների և տարածքային ամբողջականության առումով։ Ի՞նչ գործնական քայլեր է ԵՄ-ն պատրաստվում ձեռնարկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և այս խախտումներին արձագանքելու ուղղությամբ։
-ԵՄ-ն վերջին տարիներին աջակցում է երկու կողմերին կարգավորման գործընթացում՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Մենք կրկին կոչ ենք անում կողմերին բարի կամքով բանակցել չլուծված բոլոր հարցերի շուրջ և երկու կողմերի հետ էլ շարունակելու ենք մեր երկխոսությունը այս հարցերի վերաբերյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։