Այսօր, 12:59
Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ)
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Գալյանը նաև ասաց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է՝ ունենալ ստանդարտացված դատական շենքեր, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, և այս համատեքստում նախատեսում են կառուցել 2 կամ 3 նոր շենք․
«Հստակ որոշում չկա դեռ՝ որ դատարանների համար, այսինքն՝ թե որ դատավարություններն այդ շենքերը կսպասարկեն, բայց ամեն դեպքում այս պահի դրությամբ առնվազն առկա է որոշում, որ պետք է գնանք դատարանների շենքային պայմանների բարելավման, միջազգային ստանդարտներին համահունչ չափանիշների սահմանման և դատարանների նոր շենքեր ունենալու ճանապարհով»։
Գալյանն անդրադարձավ նաև այն հարցադրումներին, թե Սահմանադրության փոփոխությունները կապված են այլ երկրների պահանջների հետ.«Դա անտեղի է, քանի որ նոր Սահմանադրություն ունենալու հետ կապված հարցը սկսվել է քննարկվել հետո։ Նույնիսկ 2019 թվականին մենք ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ և այդ աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով չեն հանգել վերջնարդյունքի։ Ես՝ որպես նոր նախարար, պետք է ստանձնեմ պարտականություն և պարտավորություն, ի վերջո, մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն կարող է տալ կամ չտալ միայն ժողովուրդը, քանի որ դա միայն կարող է լինել հանրաքվեի միջոցով»։
Հարցին՝ գործող Սահմանդրության մեջ ի՞նչն է վատ՝ նախարարը պատասխանեց.«Գործող Սահմանադրության մեջ շեշտադրումներն են ոչ տեղին։ Շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն։ Մեր խնդիրը պետք է լինի Սահմանադրության շատ սեղմ, բայց բովանդակային ճիշտ տեքստ ունենալը։ Ապագայում օրենքների փոփոխության հարցեր են բարձրաձայնվելու, որպեսզի ամեն ինչում հղում չկատարվի Սահմանադրությանը։ Ընդ որում, ուզում եմ շեշտադրել, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված Սահմանադրությունում փոփոխություն անելու ոչ մի բան չկա։ Ես այս հարցը համարում եմ փակված։ Այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն»։