Այսօր, 09:05
«Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին, ի տարբերություն Արմեն Աբազյանի, անվերապահ վստահում է։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը տևական ժամանակ է՝ Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, և հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։
Լուրեր կան, որ Աբազյանն անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հրահանգները, փոխարենը դրանք իրագործվում են Անդրանիկ Սիմոնյանի ձեռամբ։ Գաղտնիք չէ, որ Աբազյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ, ինչպես համակարգի նախորդ ղեկավարները, որոնք հիմնականում կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված և այն, որ Աբազյանը շարունակում է պաշտոնավարել. Փաշինյանին գուցե թույլ չեն տալիս նրան ազատել, թե այն, որ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, ի դեպ, ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չտեղափոխվեց «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարևան, օրենքը թույլ էր տալիս նրան և ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում, անգամ առանձնատուն էին վերանորոգել։
Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը և հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Դիցուք՝ ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել, բանն այն է, որ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են,բացի այդ՝ վաղեմության ժամկետի խնդիր կա։
Սիմոնյանը Լոռու մարզում շարքային դատավոր էր, 2021-ից տեղափոխվեց Երևան՝ նախ ՔԿ պետի տեղակալի պաշտոնում նշանակեցին, հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի։ Ասում են՝ Սիմոնյանը նաև հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» և զեկուցում վարչապետին»։