14/01/2025 13:23
Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով:
«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկատվություն է տարածել, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը․ «Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ աշխատուժով և սարքավորումներով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը:
Էլեն Ասատրյանը նաև հաղորդել է, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում Փասադենա քաղաքին։
«Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար: Եթե դուք հանդիպեք ընկած հոսանքի գծի, խնդրում ենք հեռու մնալ և անմիջապես զանգահարել 911: Հանրային աշխատանքների մեր թիմը քրտնաջան աշխատում է՝ մաքրելով տապալված ծառերն ու բեկորները»,-մանրամասնել է Էլեն Ասատրյանը:
Գլենդելի քաղաքապետը միաժամանակ բարձր է գնահատել բոլոր քաղաքային տարբեր վարչությունների աշխատակիցների անհավատալի ջանքերը, որոնք արձագանքել են այս արտակարգ իրավիճակին: