14/01/2025 13:42
Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ)
Ես չեմ հասկանում աշխատանքի առումով խտրական վերաբերմունքը նախ՝ կանանց, ապա երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդները, ովքեր ստացել են լավ կրթություն և ունեն որոշակի փորձ, իսկ իմ բոլոր խորհրդականները լավ փորձ ունեն, շատ ավելի եռանդով ու պրոդուկտիվ կարող են լինել, քան տարեցները, իհարկե, չեմ նսեմացնում տարեց մարդկանց կենսագրությունը, աշխատանքն ու անձը, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են կանանց նշանակում ուժայինների ղեկավար՝ Գալյանը նշեց.
«Իսկ ինչո՞ւ ոչ։ Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի, սովորույթի՞ ուժով։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք, թե որտեղ է խնդիրը թաքնված և արդյո՞ք ճիշտ է եղել, որ նախկինում բոլոր պատասխանատու պաշտոններում եղել են տղամարդիկ։ Այսօր մեր պետությունը, փառք Աստծո, հավասար հնարավորություններ է ապահովում կանանց և տղամարդկանց համար՝ հավասար կրություն ստանալու, մրցակցային դաշտն ազատ է։ Իմ փորձը ցույց է տալիս, որ մեր աղջիկները բավականին մրցունակ են և որոշ դեպքերում իրենց պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ, գործադրած ջանքերով տղամարդկանցից առաջ են»։