Այսօր, 13:04
Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանք պահպանելու և խորացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել գործնական քայլերը առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու ուղղությամբ:
Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում փոխգործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում հատկապես կարևորվել են արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող պետական աջակցության գործիքակազմը և պատրաստակամություն հայտնել խրախուսելու ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրագործելու գործընթացը։
Գևորգ Պապոյանն իր խոսքում կարևորել է պարբերաբար գործարար համաժողովների կազմակերպումը` երկու երկրների մասնավոր հատվածների կապերի խթանման, ապագայում համատեղ ծրագրերի իրականացման և սերտ փոխգործակցության հաստատման համար:
Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման և երկու պետությունների միջև զբոսաշրջային այցելությունների աճի խրախուսման նպատակով առաջարկվել է կազմակերպել երկու երկրների լրատվամիջոցների ճանաչողական այցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին։