14/01/2025 19:42
«Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր տեղեկացրեց՝ Վաշինգտոնում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։
Ի դեպ, փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին ավելի վաղ շրջանառվող խոսակցություններում հանրային տարբեր շրջանակներ այդ իրողությունը հատկապես կարևորում էին տարածաշրջանի վերջին զարգացումների, Բաքվից հնչող սպառնալիքների համատեքստում։
168․am-ը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվել է՝ արդյոք ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ինչ-որ առումով կարո՞ղ է զսպել Ադրբեջանին։
Ի պատասխան՝ միջազգայնագետը նշել է․ «Այդ զսպիչ ֆունկցիան կարող է ունենալ բացառապես քաղաքական նշանակության տեսանկյունից, ոչ թե՝ ռազմավարական, ռազմական, կամ այլ տեսանկյունից։
Բայց, կարծում եմ, որ այս փաստաթուղթը դրա մասին չէ, և պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրվող երաշխիքային ինչ-որ բան։ Պետք չէ այս սխալ սպասումները ձևավորել մեր հանրության շրջանում․ խոսքն այստեղ բացարձակապես ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին չէ, այլ ռազմավարական երկխոսության ստատուսից հետո ԱՄՆ կողմից ստացած մեր հաջորդ ստատուսն է՝ ռազմավարական գործընկեր, որն անվտանգային երաշխիքների մասով որևէ բան չի տալիս ։
Բայդենի վարչակազմը տրամաբանական ավարտին է հասցնում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, որը կարելի է համարել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների ձևավորում։
Իսկ թե ինչպիսին կլինի դա ապագայում, և ինչպես մենք կաշխատենք Թրամփի վարչակազմի հետ այս ծրագրի իմպլեմենտացիան ապահովելու համար, կախված է բացառապես արտաքին քաղաքականության մեջ անելիք ունեցողների ունակություններից»,- ասել է միջազգայնագետը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում