Այսօր, 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
Գնչուների մասին Հայաստանում այս կամ այն չափով տեղեկացված են բոլորը․ թափառական այս ժողովրդի կենսակերպի, սովորույթների մասին գրականությունից և ֆիլմերից մարդիկ հիմնականում վերցրել են կարծրատիպային պատկերացումներ, որոնք ձևավորել են նախապաշարմունքներ գնչուների հանդեպ։
Միաժամանակ Հայաստանում գրեթե ոչ մեկ չգիտի գնչուների ծագման ու աշխարհով մեկ տարածման հանգամանքների մասին։ Քչերը գիտեն նաև, որ Հայաստանում դարեր շարունակ եղել է գնչուների համայնք, որոնք շուրջ 8 դար ապրել են հայերի հետ կողք կողքի։ Նրանց տեղաբնիկներն ավանդաբար կոչել են բոշաներ։
Պատմագրական աղբյուրներում նշվում է, որ բոշաները Հնդկաստանի հյուսիս–արևմտյան շրջաններից գաղթած գնչուներն են։ Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ երբ և ինչ պատճառով են նրանք ստիպված եղել թողնել իրենց տները և բնակություն հաստատել այլ երկրներում։
Պատմագիտական վարկածների համաձայն՝ հնդկական «դոմբա» կոչվող կաստայից անջատված մի խումբ, իրանական Ղազնևիների դինաստիայի հնդկական արշավանքների ընթացքում, տեղափոխվել է դեպի Իրան, որտեղից էլ նրանց մի մասը 11-րդ դարի վերջին կամ 12-րդ դարասկզբին անցել է Հայաստանի տարածք։
Իրանում և Մերձավոր արևելքում հաստատված գնչուները դեռևս պահպանել են «դոմբա» ինքնանվանումը, իսկ Հայաստան եկած խումբն իրեն անվանում է «լոմ»։
Հայ–բոշաների ինքնության ֆենոմենը
Ի տարբերություն Մերձավոր Արևելք, իսկ այնտեղից եվրոպական շատ երկրներ տեղափոխված գնչուների՝ Հայաստանում հայտնված խմբերը շատ կարճ ժամանակում հաստատվել են այստեղ՝ որպես առանձին ենթաէթնիկ խումբ։
Նրանք մյուս գնչուների նման չեն տեղափոխվել մի բնակավայրից մյուսը։ Այս խմբերն ընտրել են հայերին միաձուլվելու ճանապարհը՝ աստիճանաբար կորցնելով էթնիկ ինքնագիտակցության երկու կարևորագույն բաղադրիչները՝ լեզուն և կրոնը։
Հայ-բոշաները Հայաստանում բնակվել են հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ (Բոշի թաղ), Նոր Մարաշ թաղամասերում, ինչպես նաև՝ Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում (Բոշի մայլա)։
Տարբեր աղբյուրներում նշվում է, որ պատմական Հայաստանում բոշաների թիվը հասել է մինչև 50 հազարի, սակայն նորագույն շրջանում նրանք, որպես ազգային փոքրամասնություն, նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ մի քանի տասնյակ հոգի։
1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ միայն 48 մարդ է իրեն բոշա համարել։ 2001 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանում բոշաներ այլևս չկան։ 2022թ-ի մարդահամարի տվյալներով ևս Հայաստանում ոչ մեկ իրեն չի համարել բոշա։
Հայաստանում հաստատված բոշաներին երբեք հատուկ չեն եղել գնչուական այնպիսի սովորություններ, ինչպիսիք են, օրինակ, բախտագուշակությունը։ Հայ–բոշաների հիմնական զբաղմունքն առևտուրն է եղել։
Քանաքեռում մինչև օրս էլ առավոտյան տնից դուրս եկող և միայն երեկոյան վերադարձող կանանց մասին ասում են «մաղ ծախող»։ Այդպես ակնարկում են տնից տուն ման եկող և ձեռագործ մաղեր և զամբյուղներ վաճառող բոշա կանանց։ Տղամարդիկ էլ հիմնականում զբաղվել են անասնաբուծությամբ։
Հայ–քրիստոնյա․ բոշաների ինքնակամ ձուլման պատմությունը
Բոշի թաղում բոշա փնտրող ցանկացած մարդ պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր փորձերն ապարդյուն են։ Այստեղ մարդիկ իրենց բոշա չեն համարում, այստեղ բոլորը «հայ–քրիստոնյա» են, խոսում են հայերեն, մկրտվում որպես քրիստոնյա, ոչնչով չեն տարբերվում թաղամասում ապրող մյուս մարդկանցից։
Բնիկ քանաքեռցիները պատմում են, որ տասնամյակներ առաջ տարեց բոշաները սովորություն են ունեցել իրար հետ անծանոթ և անհասկանալի լեզվով խոսելու, բայց գրավոր խոսքի գործածում երբեք չեն նկատել։
Արևելագետ Վարդան Ոսկանյանը, ով Հայաստանում Բոշաների էթնոգենեզն ու պատմությունը հիմնավոր ուսումնասիրած քիչ մասնագետներից է, նշում է, թե ներկայում հայերի մեջ ամբողջությամբ ձուլված հայ-բոշաները հիմնականում խոսում են հայերեն, որը և համարում են իրենց մայրենի լեզուն: Ներհամայնքային շփման ընթացքում նրանք որպես կանոն օգտագործում են Կարնո բարբառի խոսվածքները, իսկ ոչ-բոշայի հետ զրուցելիս օգտվում են հայերենի այն բարբառից կամ խոսակցական տարբերակից, որը տարածված է տվյալ վայրում: Բացի այս, հայ-բոշաների շրջանում որոշ դեպքերում կիրառվում է նաև մի հետաքրքիր լեզու, որն առավել հայտնի է լոմավրեն անունով: Այս լեզվին համեմատաբար լավ տիրապետում է հայ-բոշաների ավագ սերունդը` հիմնականում 60-70 տարեկանից բարձր: Գործառնական առումով այն գրեթե բացառապես ունի գաղտնալեզվի կարգավիճակ, այսինքն` խոսողները դիմում են այս լեզվին այն դեպքերում միայն, երբ անհրաժեշտ է, որպրեսզի ոչ բոշան չհասկանա, թե ինչի մասին է խոսքը:
Գնչուների, նույն ինքը՝ լոմերի (հայ բոշաների) երկարատև բնակությունը Հայաստանում և ասիմիլացիան իրականում անհետևանք չի մնացել։ Հայկական կենցաղում ու մշակույթում կան բազմաթիվ սովորույթներ, որոնք նման են գնչուական սովորույթներին։ Օրինակ՝ հարսանիքների ժամանակ ոսկեղեն նվիրելը, հարսի համար հարազատներին գումար առաջարկելը (սիմվոլիկ), օժիտը և այլն։ Այս սովորույթները բավական տարածված են նաև Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների մոտ։
Շատ կարևոր է արձանագրել, որ գնչուները Հայաստանում երբեք չեն ենթարկվել այնպիսի խտրականության և հալածանքների, ինչպես այլ երկրներում։ Գնչուների հանդեպ խտրական վերաբերմունքի դրսևորումն իր բարձրակետին հասել է Ֆաշիստական Գերմանիայում, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանվել է շուրջ 600 հազար գնչու։