Այսօր, 17:11
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի սուտ՝
Օպերատիվ ստեր․ դրանք տարբեր թեմաների վերաբերյալ ընթացիկ «կռուտիտներն» են: Այդ ստերի նպատակը հասարակությանը կարճաժամկետ մոլորության ու հնչեցված հարցերի վերաբերյալ հեշտ հավատացող ու երկար չմտածող մարդկանց խաբելն է: Օրինակ՝ «կարմիր գծերը հանելու ենք», «ասֆալտը լավն է, դրա համար վթարները շատ են», «անկանխիկ վճարները նշանակում է թոշակների բարձրացում», «կորոնավիրուսը ստից բան է և պինցետով են բուժում», «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է», «պատերազմը չենք կանգնեցրել, որ չասեն դավաճան», «Արցախը նախկիններն են հանձնել», «բանակում զենք չկար», «Արցախում նախագահի փոփոխության պատճառով եղավ բռնի տեղահանությունը» և հարյուրավոր նմանատիպ ստեր:
Ստերի հաջորդ մակարդակը տակտիկական մակարդակն է:
Տակտիկական ստերի նպատակը հասարակությանը երկարաժամկետ սպասողական վիճակի մեջ դնելն ու նրանց էմոցիոնալ, բարոյական ու հանրային աջակցությունը կորզելն է՝ հանուն իշխանության պահպանման: Տակտիկական ստերի մեջ են մտնում օրինակ՝ «ապագա կա», «ձգտում ենք կայուն խաղաղության», «սահմանազատումը ամրապնդում է ՀՀ սահմանների անվտանգությունը», «Կոմունիկացիաները բացվելու են և ադրբեջանցիների հետ առևտուր ենք անելու», «Սահմանադրությունը փոխելու ենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով», «Հայաստանը չունի կադաստրի քարտեզ», «նախկինները 30 տարի բանակցել են Արցախը հանձնելու մասին», «թալանը հետ ենք բերելու» և տասնյակ այլ նմանատիպ ստեր:
Կա նաև ստերի բարձր մակարդակը, որ կոչվում է ստրատեգիական սուտ: Եթե օպերատիվ ու տակտիկական ստերը ներքին լսարանների համար են և լուծում են ժողովրդին անընդհատ խաբված պահելու հարցը, ապա ստրատեգիական ստերը էական վնաս են հասցրել և հասցնելու Արցախին ու Հայաստանի Հանրապետությանը: Նիկոլի կառավարության ստրատեգիական ստերից են՝ «ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել», «Արևմուտքը թույլ չի տա Արցախի էթնիկ զտումներ», «ԵՄ դիտորդներն ապահովում են ՀՀ սահմանների անվտանգությունը», «դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ չեն օգնել», «Հայաստանը պատրաստ է սկսել ԵՄ հետ անդամության գործընթաց», «Հայաստանը պատրաստ է դառնալ խաղաղության խաչմերուկ» և այլն:
Ստրատեգիական ստերը երեկ համալրվեցին ևս մեկ գործընթացով՝ ստորագրելով հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը: Ինքնին փաստաթուղթը հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանյունից նորմալ երևույթ է, սակայն խնդիրն այն է, որ Նիկոլի կառավարությունն այն ուռճացնում է՝ դարձնելով ստրատեգիական հերթական սուտը: Փաստաթի հրապարակված տեքստը չի նախատեսում ամերիկյան անվերապահ աջակցություն ՀՀ դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Չի նախատեսում ՀՀ շահերին և նախաձեռնություններին ԱՄՆ աջակցություն միջազգային կառույցներում: Չի նախատեսում ռազմատեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության որևէ նոր գործընթաց:
Տնտեսական, հումանիտար, մարդու իրավունքների ու ժողովրդավարության զարգացման իմաստով հիմնականում վերաարձանագրվել է այն, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է հայ-ամերիկյան՝ իրականում շատ արդյունավետ հարաբերությունների օրակարգում:
ԱՄՆ հետ միջուկային համագործակցության մասում ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ:
Տարածաշրջանային համագործակցության թեմաները ՀՀ ապագայի համար էլ ավելի խնդրահարույց են՝ ՌԴ-Իրան սպասվող նոր փաստաթղթի, Իրանի շուրջ առկա խնդիրների, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ դերակատարության իմաստով: Փաստաթղթից պարզ չէ, թե ո՞րն է այդտեղ լինելու հայկական շահը: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցին, ապա ո՛չ ԱՄՆ, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԵՄ-ն, ոչ էլ Իրանը երբեք այդ հարցը չեն վիճարկել ու այն ճանաչվել է դեռևս 1992թ-ից:
Աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին բոլոր երկրներն են հայտարարում, բայց առնվազն հայտարարող երկրների շատ կարևոր հատվածներն ունեն միմյանց հետ կոշտ հակասություններ և տարբերվող շահեր: Հետևաբար՝ արդյոք Նիկոլի կառավարությունը աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինե՞լ՝ հանուն իրենց էժանագին PR-ի, և նոր ծուղակ չի նախատեսե՞լ Հայաստանի վաղվա օրվա համար»: