Այսօր, 18:21
Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթին:
«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը՝ Հայաստանի հետ ստորագրելու «ստրատեգիական» համաձայնագիր…Համաձայնագիր, որի իրականացումը իրենց ձեռքին չի լինի ընդամենը վեց օր անց: Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը այն էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին այն պարագայում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:
Հիմա՝ Արցախին (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն ակնհայտ և ցավալիորեն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:
Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են՝ ձեռք բերելու ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում»: