Այսօր, 16:34
Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան
Օրերս Ռոսիա-1 հեռուսաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել։ Մասնավորապես, արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը դեմ են, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի ԱԳՆ հրավիրվելուն։
Նա նշեց, որ սրանով է պայմանավորված ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելը.«Բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ»։
Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ում տվյալ հաղորդման փակման հարց առաջանա՝ Հայրապետյանը պատասխանեց.«Այո, միանշանակ։ Եթե կհիշեք, նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ հեռուստահաղորդում կար, որն արգելափակված է ինչպես հանրային մուլտիպլեքսում, այնպես էլ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում։ Խոսքը Սոլովյովի հաղորդման մասին է։ Ես կարող եմ ասել, որ վերջին ամիսներին մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողն առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը, հետևաբար, բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն ՀՀ տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողին, իրենց բովանդակությամբ ու կոնտեքստով պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես այդ կանոններին հետևում են հայաստանյան մյուս հեռուստաալիքները»։
Նախարարը պնդեց, որ այս առումով ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է.«Հետևաբար, այս պարագայում, այսօր մենք բողոք ենք ներկայացրել աշխատանքային կարգով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի մեր գործընկերների կողմից և դրա հիման վրա ՀՀ կառավարությունը և ԲՏԱՆ-ն կհստակեցնեն իրենց անելիքները։ Կիսիլյովի հաղորդումը կարող է մեր երկրում արգելափակվել»։
Դիտարկմանը՝ ի՞նչ է հնչեցվել հաղորդման ժամանակ, որի պատճառով պետք է այն արգելափակել՝ նախարարը պարզաբանեց.«Ես հիմա կետ առ կետ չեմ ուզում անդրադառնալ այդ թեզերին, որոնք առանց այդ էլ մեզ համար անընդունելի ու անթույլատրելի են։ Ես ընդամենը կարող եմ ընդհանրական ասել, որ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Ավելորդ չեմ համարում շեշտել, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության գործընթացները կյանքի կոչելու և դրանք արագացնելու համար առաջ է քաշել իր տեսլականը, իր առաջարկների փաթերը և այն հստակ անվանում ունի՝ «Խաղաղության խաչմերուկ»։ ՀՀ կառավարությունը սպասում է ադրբեջանական կողմի դրական արձագանքին»։