Այսօր, 15:51
«Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին
Ինձ համար անտրամաբանական է այն փաստը, որ Հայաստանն ունի ռազմավարական դաշնակից և, կարծես թե, մեր ոչ բոլոր ռազմավարական դաշնակիցներն ու գործընկերներն էին տեղյակ այս գործընթացից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ԱՄՆ-ում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը։
«Խնդրում եմ ճիշտ հասկանալ, այստեղ խոսքն ինչ-որ մեկից թույլտվություն ստանալ-չստանալու մասին չէ, այլ, լավ իմաստով, կանխատեսելի գործընկեր լինելու։ Եթե մենք խոսենք այդ փաստաթղթի բուն էությունից, երբ տոննայով քարոզչական աղբ է լցվում հասարակության ուղղությամբ, թե հեսա մեզ զենք են տալու և այլն, և այլն, ես ուզում եմ հիշեցնել, որ փաստաթուղթն իրենից այլ բան չի ենթադրում, բացի կրթական բաղադրիչից։ Ընդ որում, դրա բաղադրիչներից զգալի հատվածը վաղուց կար»,-նկատեց պատգամավորը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ փաստաթուղթն իրենից ենթադրում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ատոմային էներգետիկայի.
«Այն ավելի շատ բիզնեսի տեսանկյունից է դիտարկելի։ Իսկ ենթադրվո՞ւմ է, որ նոր ատոմակայանը կառուցվելու է ամերիկացիների միջոցով՝ չեմ կարող ասել։ Մնացած կրթական բաղադրիչները շատ լավ են, բայց դրանք ներկայացնել, որ ՀՀ-ն դարձել է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, ինչպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիան կամ Իսրայելը, այդպես չէ, չի կարելի խաբել ժողովրդին»։
Մամիջանյանի խոսքով՝ այդ «հույսի վաճառականությունը» գնում է նաև ԵՄ-ի պարագայում.«Չկա երկրագնդի վրա ԵՄ-ի մի պաշտոնական փաստաթուղթ, որտեղ Հայաստանը դիտարկվում է, նույնիսկ, որպես հավանական դիտարկելի՝ անդամակցության տեսանկյունից։ Ավելին ասեմ՝ երբ ԵՄ-ն իր համար հետազոտություններ է անում՝ վերլուծելով, թե այս կամ այն երկիրն ինչ շանսեր ունի անդամակցության, դրանց մեջ ՀՀ-ն չկա․ դրանք հրապարակային փաստաթղթեր են։ Այս «հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է, ինքն իր քարոզչական թեզերն է կառուցում։ Թե դա աշխարհաքաղաքական ինչ արձագանքներ կունենա՝ մենք կտեսնենք շատ մոտ ժամանակներում։
Երբ ես խոսում էի մեր ռազմավարական դաշնակիցների, գործընկերների մասին, ես նաև նկատի ունեի մեր բարեկամ պետություններին, օրինակ՝ Իրանը։ Ինչքանո՞վ է Իրանը տեղեկացված այս գործընթացից, ինքանո՞վ էր այս գործընթացն իր համար կանխատեսելի։ Երբ դու հիշում ես, թե ովքեր են մեր արտաքին քաղաքականություն մշակողներն ու իրականացնողները, դու հասկանում ես, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք»։
Մամիջանյանը հետևանքների մասին չցանկացավ խոսել՝ դա համարելով սուրճի բաժակ նայել՝ նկատելով, որ կան տարբեր սցենարներ՝ տարբեր դերակատարների մասնակցությամբ․
«Աշխարհն այնքան տուրբուլենտային է՝ նաև հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի հեռացող ադմինիստրացիայի հետ է ստորագրվել այդ փաստաթուղթը։ Պետք է նկատի ունենանք, որ աշխարհի լավագույն փաստաթուղթն էլ կիրարկման խնդիրներ ունի, թե ինչպես այն կօգտագործվի։ Այս փաստաթուղթն իր բոլոր խոցելիություններով, վտանգներով՝ շատ կարևոր է, թե ինչպես է կիրարկվելու, ինչպես է լինելու դրա վերաբերյալ նոր վարչակարգի վերաբերմունքը։ Իհարկե, ԱՄՆ-ն ինստիտուցիոնալ երկիր է, ունի ինստիտուցիոնալ հիշողություն, սակայն աստեղ շատ էական են մարդիկ՝ մանավանդ արտաքին քաղաքականության պարագայում։ Այնպես որ, դեռ վաղ է հետևանքների մասին խոսել»։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կստորագրի՝ պատգամավորը նշեց.
«Այստեղ երկու կետ կա։ Փաշինյանին կանխատեսել տրամաբանական վերլուծության միջոցով՝ աշխարհի ամենաանշնորհակալ գործն է։ Երկրորդ՝ եթե իր իշխանությանը վտանգ սպառնա, իշխանության պահպանման, վերարտադրության համար անհրաժեշտ լինի անդամակցել Արաբական պետությունների լիգային, Փաշինյանը գրիչը ձեռքին կգնա»։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։