Այսօր, 09:33
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է սահմանադրական անկախ մարմնի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված, Դատական իշխանությանը նվիրված միջոցառման օրակարգը, որտեղ նշված է, որ ժամը 12:15-ին պետք է 5 րոպեանոց ելույթով հանդես գա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մինչդեռ հունվարի 8-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ նախագահը հունվարի 8-14-ը լինելու է ամենամյա արձակուրդում: Այսինքն՝ ԲԴԽ նորանշանակ նախագահ Արթուր Աթաբեկյանը չի տիրապետում իրավիճակին և անգամ չի հանձնարարել ճշտել պետական պաշտոնյաների գրասենյակից՝ նրանք կմասնակցե՞ն միջոցառմանը, հաստատվե՞լ է նրանց ելույթը, թե՞ ոչ: Սա ուղիղ գնահատական է ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ և փաստում է, թե որքան են նրանք կտրված իրականությունից և որքան կախված՝ իշխանությունից: Անգամ հարկ չեն համարել միջոցառմանը չմասնակցող ԱԺ նախագահի անունը հանել օրակարգից:
Ի դեպ, թերևս պատմության մեջ առաջին անգամ է, որ դատական իշխանության կողմից կամ դատաիրավական ոլորտում կազմակերպվում է միջոցառում, որտեղ հրավիրված չեն փաստաբանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը չի հրավիրվել ու չի մասնակցել միջոցառմանը: Փաստաբանների պալատից փորձեցինք պարզել` ինչու։ Ի պատասխան` աշխատակազմից միայն հայտնեցին, որ պաշտոնապես հրավեր չեն ստացել։ Սա ակնհայտ խտրական վերաբերմունք է, որը երբեք չի դրսևորվել»։